Նորածնային մահացությունը նվազել է

28.12.2018

Վերջին 3 տարվա տարեկան միջին ցուցանիշի համեմատ 2018 թվականին նորածնային մահացության թիվը ՀՀ բոլոր մարզերը սպասարկող «Մուրացան» հիվանդանոցային համալիրում նվազել է 48%-ով, իսկ Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի նորածնային վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժնում՝ 29%-ով: Այս մասին նշեց Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Հրանտ Կալենտերյանը՝ հավելելով, որ այս՝ խիստ դրական եւ սպասելիքները գերազանցող արդյունքին հասել են Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագրի իրականացման ընթացքում: «Ծրագիրը մշակելիս երբ դիտարկում էինք մարզային կառույցների հնարավորությունները, Երեւանում եւ մարզերում սարքավորումների դեֆիցիտը, մասնագետների գիտելիքները, կանխատեսում էինք, որ 3 տարվա աշխատանքի արդյունքում այս ցուցանիշը շուրջ 25% կլինի, սակայն մեր աշխատանքն ավելի բարձր արդյունք տվեց», - ասում է նա:

Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագիրն իրականացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ իր առջեւ որպես կարեւորագույն նպատակ սահմանելով նվազեցնել Հայաստանում նորածնային մահացության ցուցանիշը: Ըստ Հրանտ Կալենտերյանի, ծրագիրը մշակելիս հաշվի են առել Հայաստանում նեոնատալ ծառայությունների վիճակը, բուժհաստատությունների մասնագիտական եւ տեխնիկական հագեցվածության հարցը, զարգացման տենդենցները եւ այլն: Նորածնային մահացության դեպքերի այսքան նվազումը ծրագրի մի քանի կարեւոր բաղադրիչների արդյունք է: Հրանտ Կալենտերյանը դրանցից առանձնացրեց մի քանիսը, դրանք են՝

 

• 7/24
Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան «Մուրացան» հիվանդանոցային համալիրում սահմանել է 7/24 թեժ գիծ՝ Հայաստանի Հանրապետության բոլոր հիվանդանոցների համար նեոնատալ խորհրդատվություն տրամադրելու նպատակով: Շուրջօրյա բազմաթիվ զանգեր են ստացվում ՀՀ տարբեր մարզերից եւ Երեւանի ծննդատներից՝ մասնագիտական խորհրդակցություն ստանալու նպատակով: Ժամանակակից սարքավորումները եւ տեսակապն առավել նպաստավոր պայմաններ են ստեղծում մարզային բժիշկների եւ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի կոլեգաների շփման, ինչպես նաեւ խնդիրների մասին ամբողջական պատկերացում կազմելու համար:

 

• Նեոնատալ խնամքի ուղեցույցներ
Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան հեղինակել է «Առողջ նորածինների խնամք եւ հիվանդ նորածինների վարում» կլինիկական ուղեցույցները, որոնք հաստատվել են ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Ծննդօգնության բուժհաստատություններում նորածինների խնամք եւ բուժօգնություն իրականացնող մասնագետների համար ստեղծված ուղեցույցները մեծապես նպաստում են նորածինների խնամքին վերաբերող հարցերին միասնական լուծում տալուն: Դրանք դարձել են ոլորտում ներգրավված մասնագետների սեղանի գիրք եւ աշխատանքային գործիք:

 

• Դասընթացներ
Վերոնշյալ ուղեցույցների մշակումից բացի Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները ՀՀ ողջ տարաքում պարբերաբար կազմակերպում են դասընթացներ՝ նեոնատոլոգներին եւ նեոնատալ բուժքույրերին ներկայացրելու ուղեցույցները: «Ոչ պակաս կարեւոր հանգամանք է այն, որ բոլոր դասընթացավարները նույնպես յուրովի վերապատրաստում են անցել՝ դասընթացը կազմելու եւ մատուցելու համար», - նշում է Հ. Կալենտերյանը:

 

• Ստուգող-օժանդակող այցեր

Մարզային հիվանդանոցներում ծանր հիվանդների ծնվելու պարբերականությունը շատ ցածր է, ինչի արդյունքում բուժանձնակազմը հնարավորություն չի ունենում նման երեխաների վարման հմտություններ ձեռքբերել: Ըստ Հրանտ Կալենտերյանի, ծրագրի հաջողության գրավականներից մեկն այն է, որ աշխատանքները չեն սահմանափակվել մարզերում մեկանգամյա դասընթացով, դրան հաջորդել են մարզային բժշկական կենտրոն կատարած ստուգող-օժանդակող այցերը, որի ընթացքում ՆԲՀԱ անդամ դասընթացավարները մարզային բուժհաստատությունների գործընկերներին հետեւել են աշխատանքի ընթացքում, վերջիններիս հետ տեղում քննարկել իրավիճակային խնդիրներ եւ դրանց լուծումներ:

 

• Տեխնիկական համալրում

«Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագրի» շնորհիվ վերանայվեց առաջին, երկրորդ եւ երրորդ մակարդակի նեոնատալ ծառայություն մատուցող բուժհաստատությունների տեխնիկական բազան, գնահատվեցին կարիքները եւ հնարավորություն ստեղծվեց համալրելու դրանք նոր սարքավորումներով:

 

• Համագործակցություն

Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Հայկական ակնաբուժության նախագծի համատեղ ջանքերին ավելացավ նաեւ Մխ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի աջակցությունը, ինչի շնորհիվ վերանորոգվեցին նեոնատալ բուժման եւ խնամքի համար անհրաժեշտ նոր տարածքներ, թարմացվեց օդի համակարգը, նոր ռեանիմոբիլ ավտոմեքենաներ ձեռք բերվեցին, տեղի ունեցավ բուժանձնակազմի աշխատավարձերի բարձրացում եւ բուժքույրական պոստերի ավելացում:

 

Հ. Կալենտերյանի խոսքով՝ վերոնշյալ հիմնական ձեռքբերումը՝ նորածնային մահացության թվի նվազումը, այս աշխատանքներում ընդգրկված յուրաքանչյուր անհատի անմիջական ներդրման արդյունք է: Ծրագիրը՝ իր գործընկերներով, եւ բուժանձնակազմը՝ իր նվիրվածությամբ եւ մասնագիտական պատրաստվածությամբ կարողացել են համատեղ գործել եւ փրկել նորածնային բազմաթիվ կյանքեր: «Ամեն բուժված երեխայի տունդարձի բերկրանքը գրեթե հավասար է մեր սեփական երեխայի ծննդյան զգացմունքի հետ», - ասում է բժիշկը: Այդ երեխաների թիվը գնալով մեծանում է:

Նորածնային մահացությունը նվազել է