Նեոնատոլոգիայի վերջին զարգացումները

24.09.2018

Այսօր Երևանում մեկնարկեց Հայկական ակնաբուժության նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 16-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված ակնաբուժությանը, նեոնատոլոգիային և ներզատաբանությանը:


Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը ՀՀ առողջապահության նախարարության, Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի, Ակնաբույժների հայկական ասոցիացիայի և Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիայի հետ գործակցությամբ համապարփակ ծրագիր է պատրաստել մանկական և ընդհանուր ակնաբույժների, նեոնատոլոգների և ներզատաբանների համար՝ կենտրոնանալով ակնային հիվանդությունների վրա: Միջազգային համաժողովը գիտելիքի և փորձի փոխանակման, ինչպես նաև առողջապահության համակարգի բարելավման նորարարական մոտեցումները ներկայացնելու հարթակ է, որտեղ վեց երկրի ավելի քան 60 խոսնակ և շուրջ տասը երկրի 400 մասնագետ է համախմբվել (ԱՄՆ, Եվրոպա, ԱՊՀ երկրներ, Կովկասյան տարածաշրջան, Կենտրոնական Ասիա և Միջին Արևելք): Հյուրերի շարքում են աշխարհում առաջատար այնպիսի կառույցների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը, Ջուլս Սթայն աչքի ինստիտուտը, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանը, Իրվինի Կալիֆոռնիայի համալսարանը, Գրեյթ Օրմոնդ Ստրիթ մանկական հիվանդանոցը և Մուրֆիլդզ ակնաբուժական հիվանդանոցը:


Եռօրյա համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի Տեսողության կենտրոնի տնօրեն Թոմաս Լին: Ողջունելով մասնակիցներին՝ նրանք մասնակիցներին արդյունավետ համագործակցություն և համաժողովին՝ բարի ընթացք մաղթեցին:
Լիագումար նիստը նվիրված էր առողջապահության համակարգում տեխնոլոգիական նորարարություններին, Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի հետ գործակցությամբ Հայկական ակնաբուժության նախագծի աշխատանքներին և այլն: Ապա տեղի ունեցավ երկու համաժամանակյա թեմատիկ նիստ՝ նվիրված մանկական ակնաբուժությանը (հիմնական շեշտադրումը՝ անհասության ռետինոաթիա և դպրոցականների ակնային զննում) և ներզադաբանությանը (հիմնական շեշտադրումը՝ առաջին և երկրորդ տիպի մանկական շաքարախտի վարում, մետաբոլիկ սինդրոմ և գիրություն):


Համաժոովի երկրորդ օրը կներառի համաժամանակյա թեմատիկ նիստեր՝ նվիրված ընդհանուր ակնաբուժությանը և նեոնատոլոգիային: Ընդհանուր ակնաբուժության նիստին անդրադարձ կկատարվի ցանցաթաղանթին և շաքարախտային ռետինոպաթիային, գլաուկոմային, կատարակտ-կերատոպլաստիկային, նյարդա-ակնաբուժությանը և օրբիտալ վիրահատություններին: Նեոնատալոգիայի նիստին այլ հարցերի շարքում կքննարկվեն ոչ ինվազիվ արհեստական շնչառության, սնուցման հարցերը և անհաս նորածինների խնամքի նոր մեթոդները: Երրորդ օրը մասնակիցները հնարավորություն կունենան այցելելու Հայկական ակնաբուժության նախագծի Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն, ծանոթանալու սիմուլյացիոն տիկնիկների միջոցով նորածինների խնամքի վերապատրաստման նոր մոտեցումներին և մասնակցելու կրթական այլ դասընթացների:


Համաժողովը կներառի նշված ոլորտներում նոր հետազոտությունների և լավագույն փորձի ներկայացում, թեմատիկ քննարկումներ և հարցուպատասխան: Բացի ակնաբույժներից, նեոնատոլոգիներից, ներզատաբաններից և խնամքի մասնագետներից, այս համաժողովը հետաքրքրական կլինի նաև առողջաահական համակարգի պատասխանատուների և քաղաքականություն մշակողների համար:

Նեոնատոլոգիայի վերջին զարգացումները