«Շարունակական խնամք» աշխատաժողով

03.11.2018

Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան կազմակերպել էր երկօրյա աշխատաժողով՝ նվիրված շարունակական խնամքի հիմնահարցերին, որի առանձքային նպատակն էր քննարկել գինեկոլոգ-նեոնատոլոգ-մանկաբույժ աշխատանքի շարունակականությանը վերաբերող հարցերը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն-Հայաստանի առողջապահական ծրագրերի ղեկավար Աստղիկ Գրիգորյանը, Հայկական ակնաբուժության նախագծի տնօրեն Նունե Եղիազարյանը, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը, նեոնատոլոգներ, գինելոկոգներ, մանկաբույժներ եւ ոլորտի գործընկերներ: 

 

Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագրի» ղեկավար Անուշ Դավթյանը ներկայացրեց ծրագրի մաս կազմող շարունակական խնամքի բաղադրիչը եւ այն քայլերը, որ նախատեսվում են առաջիկայում իրականացնել այդ ոլորտում: Մասնավորապես, ասոցիացիայի նախաձեռնությամբ գրվում են ուղեցույցներ, նախագծվում են վերապատրաստման դասընթացներ վերոնշյալ մասնագետների համար: 

 

Մարի Դարակչյանը, Մարինա Առուստամյանը, Սերինե Մելիքսեթյանը, Լուսինե Մանուկյանը եւ Եվա Չիչոյանը ներկայացրեցին վերապատրաստման դասընթացի ծրագրային մոդուլները եւ մեթոդոլոգիան, որից հետո թիմային աշխատանքով մասնակիցները քննարկեցին մասնագիտական բժշկական ասոցիացիաների համագործակցության շրջանակը:

 

Հանդիպման երկրորդ օրը նվիրված էր շարունակական ուղեցույցների ներկայացմանը եւ քննարկմանը, որի ժամանակ ոլորտի մասնագետները բարձրացրեցին իրենց հուզող հարցերը եւ քննարկեցին դրանք ուղեցույցներում ներառելու հնարավորությունը: 

 

Նպատակ ունենալով նպաստել շարունակական խնամքի զարգացմանը՝ ծրագրում ներառված է փոքր դրամաշնորհներով պիլոտային ծրագրերի իրականացման հնարավորություն: Հայկական ակնաբուժության նախագխի տնօրեն Նունե Եղիազարյանը ներկայացրեց դրամաշնորհների մրցույթը եւ դրան մասնակցելու պայմանները:

 

Ամփոփելով երկօրյա աշխատաժողովը՝ ՆԲՀԱ նախագահ Հրանտ Կալենտերյանը հույս հայտնեց, որ քննարկված մոտեցումները առաջիկայում կյանքի կկոչվեն եւ կնպաստեն շարունակական խնամքի զզարգացմանը Հայաստանում:

«Շարունակական խնամք» աշխատաժողով