Շարունակական խնամքի դասընթացներ

11.02.2019

2018թ. դեկտեմբեր – 2019թ. փետրվար ամիսներին Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան կազմակերպեց դասընթացների շարք՝ շարունակական խնամքի թեմայով: Դասընթացների մի խումբը մանկաբարձ-գինեկոլոգների, գինեկոլոգների և նեոնատոլոգների համար էր, մյուսը՝ մանկաբույժների, ներոնատոլոգների եւ ընտանեկան բժիշկների:


«Շարունակական խնամքի ապահովումը բարձրորակ ծննդօգնության և պերինատալ խնամքի ծառայություններ մատուցելիս» դասընթացը՝ մասնագիտական առաջին խմբի համար նախատեսված, ներառում էր այնպիսի թեմաներ, ինչպիսիք էին՝

 

  • «Շարունակական խնամք» հասկացության սահմանումը և դրա կազմակերպումը կանանց և նորածինների համար տարբեր մակարդակների պերինատալ ծառայություններ մատուցող բուժհաստատություններում,
  • Առողջ հղիության ապահովումը մոր և պտղի համար; հղիության ռիսկերի խմբերը, դասակարգումը, բնութագրումը, ռիսկի աստիճանի որոշումը
  • Նեոնատոլոգների և մանկաբարձ-գինեկոլոգների համագործակցությունը որպես շարունական խնամքի ապահովման բաղադրիչ; արդյունավետ խնամքի և բուժօգնության տրամադրման կազմակերպումը պտղի զարգացման խանգարումներ և/կամ արատներ ունեցող ծննդկանների համար
  • Արդյունավետ պերինատալ խնամքի և անվտանգ մայրության ապահովման մոտեցումները; ծննդօգնության և նորածնային ծառայությունների որակի բարձրացման բաղադրիչները
  • Պտղի դիսթրես համախտանիշի կանխարգելումը և հղիության վարումը
  • Կանանց իրավունքները ծննդաբերության ժամանակ; ԱՀԿ չափորոշիչների կիրառման հնարավորությունները Հայաստանի բուժհաստատություններում։

 

Մանկաբույժների, ներոնատոլոգների եւ ընտանեկան բժիշկների համար նախատեսված երկօրյա դասընթացը՝ «Նորածինների շարունակական խնամք» խորագրով, ներկայացնում էր հասուն եւ անհաս նորածինների խնամքի առանձնահատկությունները, Վիտամին Դ անբավարարությամբ պայմանավորված խնդիրները, նորածնային շրջանում առավել հաճախ հանդիպող մաշկի հիվանդությունները եւ անցողիկ վիճակները, ինչպես նաեւ դեղնուկների վարման առանձնահատկությունները նորածնային և կրծքի հասակի երեխաների մոտ:

 

Երկօրյա դասընթացներին ընդհանուր առմամբ մասնակցեց 160-ից ավելի մասնագետ Երեւանից եւ հանրապետության տարբեր մարզերից:

 

Շարունակական խնամքի դասընթացներ