Տարեվերջյան ամփոփիչ միջոցառում

28.12.2018

Տարեվերջին Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի անդամները, կառույցի աջակիցները եւ գործընկերները հնարավորություն ունեցան ամփոփելու անցած մեկ տարին եւ ուղենշելու առաջիկա ծրագրերի հիմնական ուղղությունները:

 

Հանդիպում-միջոցառմանը Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Հրանտ Կալենտերյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին՝ մասնագիտական աշխատանքի եւ նվիրվածության համար եւ հույս հայտնեց, որ առաջիկայում եւս նրանց համատեղ աշխատանքը գոհացուցիչ արդյունքներ կգրանցի:

 

Վերջին շրջանի աշխատանքի կարեւորագույն ցուցանիշներից մեկը նորածնային մահացության դեպքերի թվի կտրուկ անկումն է. «Մուրացան» հիվանդանոցային համալիրում վերջին 3 տարվա համեմատ 2018 թվականին նորածնային մահացության թիվը նվազել է 48%-ով: «Սա բոլորիս աշխատանքի արդյունքն է, սա «Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագրի» արդյունքն է, սա ձեր նվիրվածության արդյունքն է», - ասաց Հ. Կալենտերյանը:

 

2018թ.-ին լրացավ Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի 15-ամյակը: Արդեն մեկուկես տասնամյակ գործող կառույցն այսօր մեկ հարկի տակ է հավաքել 100-ից ավելի նեոնատոլոգների եւ նեոնատալ բուժքույրերի Հայաստանի բոլոր մարզերից: Այն, լինելով Հայաստանի ամենամեծ բժշկական ասոցիացիաներից մեկը, շարունակաբար նպաստում է Հայաստանում նեոնատոլոգիայի զարգացմանը: Համագործակցելով տարբեր տեղական եւ միջազգային կազմակերպությունների հետ՝ ՆԲՀԱ-ն իրականացրել եւ այժմ էլ իրականացնում է ծրագրեր, որոնց շնորհիվ հազարավոր նորածիններ են ապաքինվում, մասնագետներ են վերապատրաստվում եւ առողջ սերունդ է մեծանում:

Տարեվերջյան ամփոփիչ միջոցառում